ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արարատ Միրզոյանի հրապարակմանը 2018-ի ապրիլյան օրերին Կարեն Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ բանակցություններին, հերքում է Միրզոյանին՝ «հերթական առասպել» անվանելով նրա նկարագրածը:
«Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին:
Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:
Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:
Աշոտյանը կարծիք է հայտնել, որ «մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»:
Ավելի վաղ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտա Եսայանը ասել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին:
«Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմել է Եսայանը:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը որոշ մանրամասներ է հայտնել 2018-ի ապրիլի 22-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից, որոնք ընթացել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: Այդ մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Էրեբունիում Ձերբակալվածների պահման վայրում իր գտնվելու ընթացքին։