24 ապրիլի 2019 - 15:28 AMT
Թուրք ազգայնական գործիչ. Հայոց ցեղասպանություն չկա, բայց չի նշանակում, որ չի էլ լինելու

Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք», հայտնում է Ermenihaber-ը:

Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է. «Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբվանի՞ց է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ էլ կտրուկ հեռացումները, մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»:

Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակներից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ապրիլի 24-ին ելույթ ունենալով «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության» վերաբերյալ գիտաժողովում, ասել է, թե «Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չեն կարողացել հաստատել»:

Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է. «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»,