25 ապրիլի 2019 - 10:59 AMT
ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Սենատըճանաչել է Արցախի Հանրապետությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, բանաձևն ընդունվել է միաձայն:

Բանաձևով նաև ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և ճանաչվել է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Այսպիսով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասավ 9-ի:

Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձևը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հիշատակում է Կոլորադոյի ջանքերն, ուղղված հայ ժողովրդի աջակցությանն Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև հղում է անում Ցեղասպանության մինչ օրս չհաղթահարված հետևանքների վրա: Մասնավորապես, որպես Ցեղասպանության շարունակվող հետևանք նշվում է դեպի ծով ելք չունեցող ՀՀ և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը: