25 ապրիլի 2019 - 12:11 AMT
Փաշինյան․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրական երկխոսությունը կարևոր է

Ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ «60 րոպե» հաղորդման ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Հաղորդման վարողը խնդրել է Փաշինյանին խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան, վարչապետն ասել է, որ շատ կարևոր է համարում կոռեկտ լինել այս հարցում, որովհետև խոսելու է իր երկու գործընկերոջ մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև «երկխոսությունն այլընտրանք չունի»։

«21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի և ռուս ժողովուրդները, ինչպես նաև հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստան կվերականգնեն երկխոսությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու անկեղծ ձևով։