25 ապրիլի 2019 - 14:16 AMT
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

Ապրիլի 25-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ ՄԻԵԴ-ը մերժել է բոլոր պնդումներն այն մասին, որ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել: Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին և վերաբերում էր նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Խաղաղ հավաքների իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ և, հետևելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որևէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման և ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ փաստաբանի, արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով ՄԻԵԴ-ը նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

«Խտրական վերաբերմունքի մասով․ Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքների մասով։ Անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ և արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել և Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները և արդյոք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: