29 ապրիլի 2019 - 11:50 AMT
ՌԴ պաշտոնյա. ՌԴ-ն ու ՀՀ-ն մտադիր են մինչև 2030թ. գազամատակարարման սխեմա մշակել

ՌԴ-ն ու Հայաստանը մեծապես կարևորում են փոխգործակցությունը գազի ոլորտում և մտադիր են ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման սխեմա մշակել մինչև 2030թ. ժամանակահատվածի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

«Մեր երկրներն ամենամեծ ուշադրությունն են դարձնում գործակցությանը գազային ոլորտում: Քննարկվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ: Օրինակ, կա պայմանավորվածություն՝ համաձայնեցնել մինչև 2030թ. ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,-ասել է Պրիխոդկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հաստատել է, որ մինչը 2019-ի հուլիսի 1-ը կողմերը ներպետկան խորհրդակցություններ կանցկացնեն՝ ՀՀ մատակարարվող ռուսական գազի գնագոյացման մասին նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ է բանակցություններ վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: