29 ապրիլի 2019 - 14:51 AMT
ՄԻՊ-ը՝ Քոչարյանի մասին. Բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածը

Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի պահպանման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում խնդիրներ են արձանագրվել:

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է. «Պաշտոնյաները, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատուները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, այլապես դա կվնասի գործին»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

«Խնդիրը հիմա էլ է առկա, ուստի բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի պահման պայմաններին, Արման Թաթոյանը հայտնել է, որ Քոչարյանը ՔԿՀ-ի ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չունի. «Իր խցում մեկ անգամ եմ եղել, իսկ այցելել եմ մի քանի անգամ։ Սովորական խուց է, առանձնահատուկ բան չկա»:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: