5 սեպտեմբերի 2008 - 15:48 AMT
Ադրբեջանի նախագահը հրաժարվել է սատարել Վաշինգտոնին էներգակիրների համար պայքարում
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին ավարտեց շրջագայությունն Անդրկովկասում, որը կոչված էր ամրապնդել Վաշինգտոնի դիրքերը Կասպից ծոցի էներգակիրների համար պայքարում: Սակայն եթե Թբիլիսիում ամեն ինչ հարթ անցավ, ապա Բաքվում բանակցությունները տապալվեցին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Չեյնիին հասկացրեց, որ Ադրբեջանը չի սատարի էներգակրրները Ռուսաստանը շրջանցող ճանապարհով ուղղելու գաղափարին, գրում է «Կոմերսանտը»:

Դիկ Չեյնիին, որ առաջին անգամ էր Բաքվում, չդիմավորեցին ոչ Ի.Ալիեւը, ոչ նույնիսկ վարչապետ Արթուր Ռասի-զադեն: Փոխարենը նրան օդակայանում սպասում էր առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ալիեւը չէր շտապում ընդունել Չեյնիին, նա հայտնվեց Ադրբեջանի նախագահի նստավայրում միայն երեկոյան:

Ինչպես հաղորդել են աղբյուրները Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, բանակցությունները բավականին ծանր էին, թեեւ Չեյնին ու Ալիեւը բավականին լավ հարաբերություններ ունեն դեռեւս այն ժամանակվանից, երբ Չեյնին աշխատում էր Halliburton-ում, իսկ Ալիեւը Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահն էր:

Խոսքը գնում էր Վրաստանում պատերազմի մասին եւ Nabucco գազամուղի շինարարության հեռանկարների մասին: Ըստ աղբյուրների, Չեյնին հաղորդել է Ալիեւին, որ ԱՄՆ-ն կսատարի իր դաշնակիցներին տարածաշրջանում եւ մտադիր է հետագայում եւս առաջ տանել ՌԴ-ն շրջանացող տրանսկասպյան գաղամուղի գաղափարը:

Սակայն, Իլհամ Ալիեւը հասկացրել է, որ թեեւ գնահատում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները, չի պատրաստվում վիճել Մոսկվայի հետ: Բաքուն չի արագացնի Nabucco նախագծի իրականացումը: Ինչպես հաղորդում են աղբյուրները, Չեյնին այնքան էր նյարդայնացած զրույցի արդյունքներից, որ նույնիսկ հրաժարվեց այցելել նրա պատվին տրվող հանդիսավոր ընթրիքը:

Այն, որ Ալիեւը չի ցանկանում սատարել Վաշինգտոնին եւ վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, միանգամայն հասկանալի է: Այն, որ Թբիլիսին վերջնականապես զրկվեց Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից եւ ռուսական տանկերի հայտնվելը բուն Վրաստանում, Բաքվում ընկալեցին որպես ազդանշան բոլոր նրանց տարածաշրջանում, ով ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին:

Ադրբեջանը որոշեց, որ այս պայմաններում ավելի հուսալի է գազ առաքել Եվրոպա ոչ թե Վրաստանի ու Թուրքիայի, այլ Ռուսաստանի տարածքով: Առավել եւս, որ հունիսին «Գազպրոմն» առաջարել էր գնել ադրբեջանական գազը ցանկացած ծավալներով, ընդ որում գնի եվրոպական բանաձեւով:

Նախօրեին Դիկ Չեյնիի հետ բանակցություններից անմիջապես հետո ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ալիեւի հեռախոսազրույցը Դ.Մեդվեդեւի հետ: Զրույցի ժամանակ երկու առաջնորդները քննարկեցին մոտ ապագայում անձնական հանդիպման հնարավորությունը: