30 ապրիլի 2019 - 12:07 AMT
Ճապոնիայի կայսրը հրաժարվում է գահից. Արարողությունը սկսվել է փակ ծեսով

Ապրիլի 30-ին Ճապոնիայում մեկնարկել են կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու արարողությունները: Սա առաջին նման դեպքն է վերջին 200 տարում:

Պաշտոնական արարողությունը սկսվել է մի քանի փակ ընտանեկան ծեսերից կայսերական պալատում: Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանություն չունի, սակայն, ըստ սահմանադրության, պետության և ժողովրդի միասնության կարևոր խորհրդանիշ է համարվում, հայտնում է BBC-ին:

Առաջին ընտանեկան արարողության ժամանակ ըստ ավանդույթի կայսրը խորհրդանշական հայտարարություն է արել գահից հրաժարվելու մասին՝ ուղղված Ճապոնիայի կայսերական ընտանիքի առասպելական նախնիներին:

Հրաժարականի հիմնական պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Մացու նո մա» պալատական սրահում և կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին և կտևի 10 րոպե: Սրահ կբերվի սրբազան հայելին, թուրն ու մագատամա զարդը: Արարողության վերջում կայսրը կդիմի ազգին, որից հետո կայսրն ու նրա տիկինը ազատ կհամարվեն իրենց պարտականություններից, թեև Ակհիտոն կայսր կհամարվի մինչև կեսգիշեր, գրում է Deutsche Welle-ն:

Ակիհիտոյի հրաժարականով կավարտվի Հեսեյ դարաշրջանը («Խաղաղության հաստատման:): Մայիսի 1-ին կայսր կհռչակվի Ակիհիտոյի ավագ որդին՝ Նարուհիտոն: