Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին՝ Դավիթ Գարեջի վրացական քարանձավային համալիրի տարածքի հարևանությամբ: Այդ մասին «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքի եթերում հայտարարել է համալիրի Ուդաբնո վանքի ծայրագույն վարդապետ Կիրիոնը (Օնիանի):
Ըստ նրա, այս պահի դրությամբ զբոսաշրջիկներն ու ուխտավորները կարող են անարգել մոտենալ համալիրիին, սակայն, նա չի բացառել, որ մայիսի 5-ին ադրբեջանցի սահմանապահները կրկին կարող են փակել դեպի Ուդաբնո վանքը տանող ճանապարհը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
«Նախկինում սահմանապահներն ընդամենը 2-ն էին: Իսկ հիմա մոտ 18-ն են: Այդքան դեռ երբեք չէր եղել»,-ասել է նա հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում:
Դավիթ Գարեջիի տարածքի հարևանության սահմանային իրավիճակը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ ադրբեջանցի սահմանապահները սկսցեին վանքի տարածքում տեղաշարժն արգելող նշաններ տեղադրել: