1 մայիսի 2019 - 14:07 AMT
National Geographic-ը՝ հայկական խոհանոցի մասին. Ոչ միայն խորոված ու լավաշ, այլև հարիսա ու գաթա

National Geographic-ն անդրադարձել է հայկական խոհանոցին՝ հոդվածի հեղինակը 9 հայկական ուտեստ է ներկայացնում:

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չեն, այլ նաև քյալլան, գաթան և էլի շատ ու շատ ուտեստներ, որոնց մասին, հավանաբար, չեք էլ լսել, եթե չեք եղել Հայաստանում: Կերակուրն այստեղ պատրաստում են ոչ միայն երևակայությամբ, այլ դրա մեջ հոգի են դնում՝ դրանում կարելի է համոզվել՝ այցելելով Երևանի կամ ՀՀ այլ քաղաքի ցանկացած ռեստորան: Ուղղակի եկեք և գաստրոնոմիական շրջագայություն կատարեք»,-գրել է հոդվածագիր Ելենա Տիտոկը:

Այնուհետև նա պատմում է հետևյալ ուտեստների մասին՝ հարիսայի, ղափամայի, տոլմայի, քյալլայի, բաստուրմայով ձվածեղի, խաշի, ավելուկով բանջարի, գաթայի և ժենգյալով հացի մասին:

Խոսելով հարիսայի մասին՝ հեղինակը գրում է. «Համարվում է, որ հավի մսի և յուղի հավելումով ցորենի այդ շիլան օգնել է հայերին կերակուրի սակավության տարիներին: Ուտեստը շատ հասարակ է և նույնքան հագեցնող՝ պետք է իսկապես լավ քաղցած լինես, որպեսզի կարողանաս մի ամբողջ ափսե ուտել»:

Շատերն են լսել կանաչու տարբեր տեսակներով լցոնված բլիթի՝ ժենգյալով հացի մասին, որը համարվում է արցախյան խոհանոցի այցեքարտը: «Ժենգյալով հացը լինում է գարնանային և աշնանային՝ կախված այդ եղանակին աճող բույսերից: Գարնանը դրանք 10-16-ն են, իսկ աշնանը՝ 24-ը»:

«Ղափաման ոչ միայն համեղ, այլ նաև շատ գեղեցիկ ուտեստ է, այն մատուցվում է դդմի մեջ: Եվ չնայած, որ դդումը կախարդանքով կառքի չի վերածվում, միևնույն է՝ հյուրերը հանում են հեռախոսները և սկսում են լուսանկարել: Ղափաման ավանդաբար մատուցվել է հարսանեկան սեղանին որպես առատության խորհրդանիշ: Դդումը լցոնված է չրերով և պոպոքով համեմված բրնձով՝ այստեղ և նուշ կա, և հոն, և սև սալորաչիր, և չամիչ, և ծիրանի չիր»,-ասվում է հոդվածում:

«Այսպիսի մի տեսարան պատկերացրեք՝ հայկական հյուրասիրություն: Դուք հաճույքով համտեսում եք սուջուխն ու բաստուրման, վերցնում եք խորովածի երրորդ կտորը, խրխրթացնում եք բողկը, երբ հանկարծ սրահ են բերում ցլի խորոված գլուխը: Դա էլ հենց քյալլան է՝ հայ աղքատնների ուտեստը, որն ավելի ուշ մեծ համարում ստացավ Գյումրի քաղաքում: Ամեն ինչն են ուտում՝ և լեզուն, և ուղեղը և նույնիսկ աչքերը»,-գրում է հեղինակը:

Ներկայացված ճաշացանկում միակ աղանդերը գաթան է: «Դա ավանդական հայկական թխվածք է՝ կլոր, շատ նուրբ համով: Բաղադրատոմսը տարբերվում է ըստ Հայաստանի տարբեր մարզերի: Այս աղանդերն անպայման պետք է լինի ամանորյա սեղանին՝ տոնական գաթայի մեջ մետաղադրամ է դրվում՝ ում կտորում որ այն հայտնվեց, նրան հաջող տարի է սպասում»,-ասվում է հոդվածում: