Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) €13.4 մլն-ի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ կառուցման և բարեկարգման համար:
Ծրագրի նպատակն է 450 կմ երկարությամբ ընտրված՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կարողությունները՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար:
Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծային աշխատանքներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինչպես նաև տրամադրել ճանապարհային անվտանգության տեխնիկական աջակցություն և ապահովել «Անվտանգ գյուղ» ծրագրի շարունակությունը:
Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որի շրջանակում նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ ՀՀ 6 մարզում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
Երկրորդ մասով նախատեսվում է ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն:
Իսկ երրորդ մասով՝ արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։
Ծրագիրը 2013-ի փետրվարի 11-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված $45 մլն-ի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» և 2015-ի օգոստոսի 26-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված $40 մլն-ի չափով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրերի շարունակությունն է: