2 մայիսի 2019 - 13:19 AMT
Գինու օրերից մինչև Cercle՝ Գառնիում. Առաջիկա օրերին թեժ է լինելու

Եղանակներն արդեն «բացվել են», և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ Երևանյան գինու օրերից մինչև յուրահատուկ փառատոններ և բացառիկ միջոցառում Գառնի տաճարի տարածքում:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ առաջիկա մի քանի օրն ավելի հիշարժան դարձնելու համար:

Գինու օրեր

Մայիսի 3-4-ը՝ ժամը 17:00-23:00-ը, Սարյան և Մոսկովյան փողոցներում արդեն երրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Երևանի գինու օրեր» միջացառումը:

Միջոցառումը միտված է Երևանի զբոսաշրջային իմիջի ամրապնդմանն աշխարհում, ուստի այդ օրերին մայրաքաղաքի նշված փողոցներում հնարավոր կլինի հանդիպել բազմաթիվ զբոսաշրջիկների: Իսկ հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն գինու մոտ 200 տեսակ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան նաև փորձելու ռեստորանների և սրճարանների կողմից ներկայացված հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, և այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտությամբ։ Միջոցառման մուտքն անվճար է, իսկ գինին և մնացածը տեղում կարելի ձեռք բերել ավելի մատչելի գներով, քան սովորաբար:

«Ուրվականը»՝ Երևանում

Մայիսի 3-5 Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից մշակույթի և նորագույն երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը: Ինչու՞ «Ուրվական», որովհետև փառատոնի անվանումն ընտրվել է՝ ներշնչված մարդկության կողմից լքված, ուրվական դարձած վայրերից, հուշարձաններից:

«Ուրվականի» երաժշտական ծրագիրը մեկտեղում է 22 երկրի ավելի քան 80 արտիստի նախագծերը՝ ընդգծելով հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, ինստրումենտալ, փոփ և ակումբային երաժշտության արդի միտումները:

Փառատոնի նպատակն է խթանել տեղի երաժիշտների և աշխարհի տարբեր երկրների կայացած արտիստների, կուրատորների և երաժշտական արդյունաբերության մասնագետների միջև փորձի փոխանակումը: Բացի տարբեր երկրներից ժամանած արտիստների, փառատոնն իր շուրջը կհավաքի նաև տարբեր երկրներից ժամանած հյուրերի: «Ուրվականի» օրերին Մանկական երկաթուղին կդառնա իրադարձությունների հիմնական վայրը, որտեղ ելույթ կունենա ավելի քան 40 միջազգային արտիստ: Բացման միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Mtkvarze

Մայիսի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Mtkvarze Yerevan միջոցառումը, որի ընթացքում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ հրավիրված հայտնի երաժիշտներ՝ Anna Haleta-ն (Իսրայել), Bero-ն (Վրաստան), Gio Shengelia-ն (Վրաստան), Nancy Movs-ը (Հայաստան) և Total-ը (Հայաստան): Տոմսերը գնելու համար պետք է անցնել առցանց վերիֆիկացիա, այդ դեպքում տոմսը կարժենա 4000 դրամ, վերիֆիկացիան չանցնելու դեպքում՝ 8000 դրամ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 23:00:

«Էքստրեմալ քայլեր օդում»

Կիրակի՝ մայիսի 5-ին, հնարավոր կլինի կտրվել երաժշտությունից և հետևել մի էքստրեմալ միջոցառման: Այդ օրը առաջին անգամ Հայաստանում մարդը կանցնի շենքերի միջև ձգված ժապավենի վրայով: Անցումը կկատարի Ահարոն Խաչատրյանը՝ Երևանի Նաիրի Զարյան 72-74 հասցեում գտնվող զույգ շենքերի միջև: Ժապավենը կապվելու է 20մ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմում է 30մ։ Միջոցառումը սկսվելու է 14։00-ին և կտևի մինջև 16։00-ը: «Էքստրեմալ քայլեր օդում» միջոցառման կազմակերիչներն են Step Slackliners Armenia-ն և Scream Of Soul-ը:

Պատմական իրադարձություն պատմական վայրում

Cercle հայտնի սթրիմինգային պլատֆորմը առաջին անգամ Հայաստանում միջոցառում կկազմակերպի: ՀՀ էլեկտրոնային երաժշտության ոլորտում պատմական այս իրադարձությունը տեղի կունենա մայիսի 6-ին պատմական վայրում՝ Գառնի տաճարում: Լայվ կատարմամբ ելույթ կունենա հայտնի արտիստ Acid Pauli-ն: Միջոցառումը կբացի հրավիրված հայազգի երաժիշտ Viken Arman-ը, իսկ կավարտեն երեկոն տեղացի դիջեյներ KAÍ-ն և Leo Aniram-ը:

Այս ամենին Cercle-ի պաշտոնական էջում live կհետևեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող՝ էլեկտրոնային երաժշտության հարյուր հազարավոր սիրահարներ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 17:00-ին, տոմսերն ահրաժեշտ է ձեռք բերել նախապես, արժեքը՝ 8000 դրամ: