3 մայիսի 2019 - 14:05 AMT
Տոնոյանը Կասպրշիկին իր մտահոգությունն է հայտնել հայ զինծառայողի վիրավորման առնչությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:

Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:Կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:Կատարվում է նախաքննություն: