3 մայիսի 2019 - 14:52 AMT
Կորյուն-Աբովյան խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը բանակցել է Կորյուն-Աբովյան խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ՝ հորդորելով վերջիններիս բացել երթևեկությունը: ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարահի երթևեկելի հատվածը:

Եգոր Կարապետյանը վարորդների հետ զրույցում նշել է, որ վարորդների բողոքն առ այն, որ իրենց թույլատրվի այդտեղ կայանել անվճար, կբավարարվի, եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի, հայտնում է Aysor.am-ը:

Վարորդները պնդել են, որ քաղաքապետարանը կողմ է իրենց տեղ հատկացնել այդ տարածքում, եթե «ԳԱԻ»-ն հանի այդտեղ կայանումն արգելող նշանը: «Թույլ է տվել, ուրեմն վաղը կայանումն արգելող նշանը կհանվի», - ասել է Կարապետյանը՝ հորդորելով նրանց բացել ճանապարհը:

Կարապետյանը նաև նշել է, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումնարգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն:

Ավելի վաղ մի քանի տասնյակ տաքսու վարորդներ փակել էին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց հիմնական պահանջն այն է, որ բեկանվեն ճանապարհային ոստիկանության տուգանքները, որ առաջացել են սխալ վայրում կայանելուց: