4 մայիսի 2019 - 11:07 AMT
Վարչապետն ու ԱՄԷ պետնախարարը տնտեսական կապերի զարգացումն են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նա կարևորել է մայիսի 2-ին Երևանում հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որը լավ հարթակ է հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ գործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ գործակցության զարգացման դրական դինամիկայի մասին:

ԱՄԷ պետնախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստան այցի, հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ: Ահմադ Ալի Ալ-Սայեղիի խոսքով՝ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության զարգացմամբ, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի գործունեությունը հենց այդ մասին է վկայում:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով: Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ, վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում գործակցությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ: ՏՏ ոլորտում համագործակցության խորացման համատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄԷ ընկերություններն ակտիվ կմասնակցեն 2019 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ահմադ Ալի Ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքրական է վարչապետի նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե հումանիտար ոլորտներում:

ՀՀ վարչապետը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ քայլերին, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը: Երկուստեք կարևորվել են գործարար համաժողովների անցկացումն ու բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: