6 մայիսի 2019 - 14:09 AMT
Իսրայելն ու Պաղեստինը հրադադար են հաստատել

Մայիսի լույս 6-ի գիշերը՝ 4:30-ին, ուժի մեջ է մտել Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի մասին համաձայնությունը, հայտնում է իսրայելյան Maariv թերթը: Ըստ թերթի, Իսրայելի զինվորական հրամանատարությունը հանել է սահմանափակումները երկրի հարավում՝ Գազայի հատվածի շուրջ 40 կիլոմետրանոց գոտում:

Սահմանափակումները վերբերում էին դպրոցներում դասերի դադարեցմանը, զանգվածային միջոցառումների արգելքին և սահմանամերձ տարածքներ չայցելելուն: Թերթը ՊՆ վրա հղումով հայտնել է, որ սահմանամերձ բնակավայրերի մեծ մասը նախապատրաստվում է դպրոցներում դասերի վերսկսմանը, գրում է «Կոմերսանտը»:

Իսրայելի բանակն իր ուղերձում նշել է, որ վերջին երկու օրում պաղեստինցի ծայրահեղականները 690 հրթիռ են արձակել Գազայի հատվածից, որից 240-ը չեզոքացվել է «Երկաթե գմբեթ» համակարգով:

Ավելի վաղ հայտնի էր, որ մայիսի 4-ից ի վեր, երբ սրվեց իրավիճակը Գազայում, Իսրայելի ուղղությամբ մոտ 400 հրթիռ է արձակվել, ի պատասխան Իսրայելը գրոհել է «Համաս» և «Իսլամական ջիհադ» շարժումների մոտ 200 օբյեկտ: