8 սեպտեմբերի 2008 - 15:11 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները մտադիր են հետագայում եւս աշխատել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի կեսգիշերին սկսվեց Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը, որը տեւեց մոտ երկուսուկես ժամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած բարձրաստիճան պատվիրակության այցին Հայաստան, ինչը երկու երկրների ղեկավարության միջեւ երկխոսության լայն հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, դա լավ սկիզբ է, որն իր դրական շարունակությունը կունենա:

ՀՀ արտգործնախարարը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին եւ նշեց, որ Հայաստանը նախագահ Գյուլի այցը դիտում է որպես այդ ուղղությամբ լուրջ խթան: Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները արտահայտեցին երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը: Նշվեց, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են հետեւողական քայլեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը պայմանավորվեցին հանդիպել սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը մանրամասն քննարկեցին նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասաց, որ հայկական կողմն ողջունում է պլատֆորմի ստեղծման գաղափարը, որն ուղղված է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: Հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար: