8 մայիսի 2019 - 10:45 AMT
Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի

Թեհրանը որոշել է մասնակիորեն կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարտավորությունններից մի քանիսի կատարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք դադարեցնում ենք կատարել պայմանավորվածությունները 2 կետով: Դրանք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը PressTV-ի վրա հղումով:

Ռոուհանին ասել է, որ «միջուկային գործարքը չի չեղարկվում, իսկ Իրանն էլ չի դուրս գալիս համաձայնագրից»: «Գործարքի մասնակից 5 երկրներին՝ ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք 1 տարի սպասեցինք գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումից հետո, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակինցերը, և կատարում էինք մեր բոլոր պարտավորությունները: Գործարքը չի փոխվել: Մենք պատրաստ ենք հետագայում ևս քննարկել այդ համաձայնագրի կատարումը»,-ասել է Իրանի նախագահը:

2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 2015-ին ԻՐանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրից, որով Թեհրանը սահմանափակում էր իր միջուկային հետազոտությունները ՄԱԿ ԱԽ և ԱՄՆ ու ԵՄ միակողմանի պատժամիջոցների չեղարկման դիմաց: 2018-ի նոյեմբերից կրկին սկսեցին գործել ԻՐանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցները: