8 մայիսի 2019 - 11:33 AMT
Քաղաքապետն աշխատավարձերի բարձրացման նախագիծն օրակարգից հանել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը քննարկվելու էր ավագանու մայիսի 8-ի նիստում: Օրինագծով նախատեսվում էր, որ քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ:

«Քաղաքապետի խոսքով, կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին:

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացներ: Ինչպես ավելի վաղ նշել էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝«ստացվում էր, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ ստանալու աշխատավարձ կստանային, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»: