8 մայիսի 2019 - 13:04 AMT
Շրի Լանկայի ահաբեկչությունների բոլոր մասնակիցները սպանված են կամ ձերբակալված

Շրի Լանկայի ահաբեկչություններից 2 շաբաթ անց հայտնի են հանցագործությունների բոլոր մեղսակիցները: «Բոլոր նրանք, ովքեր կազմակերպել և կատարել են մահապատ ահաբեկչություններ, մահացել են կամ գտնվում են կալանքի տակ»,-ասել է ոստիկանապետ Հանդանա Վիկրամարատնեն, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա, սպանվածների թվում են նաև հարձակում գործած խմբավորման այն 2 անդամը, որոնք «ռումբերի ստեղծման մասնագետներ են»: «Մենք առգրավել ենք պայթուցիկ սարքերը, որոնք պահվում էին նոր հարձակումների համար»,-ասել է ոստիկանապետը: Նա չի հայտնել, թե քանի կասկածյալ կա կալանքի տակ:

Միաժամանակ ոստիկանապետը հայտնել է, որ պարետային ժամի չեղարկումից հետո կյանքը երկրում կարգավորվում է: Ըստ նրա, մայիսի 6-ին կրկին բացվել են դպրոցները, սակայն դրանց մի մասում դասերին ներկայացել է աշակերտների միայն 10 տոկոսը, քանի որ ծնողները վախենում են նոր ահաբեկչություններից:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը: