8 մայիսի 2019 - 12:54 AMT
Փաշինյան․ Եթե հարազատներիցս մեկնումեկը միլիոնատեր դառնա, ես պիտի հայտնվեմ բանտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր ասուլիսին վերջինիս կհարցնեն՝ ինչպես է ստացվել, որ զինվորը ներքնազգեստ չուներ, իսկ իր ընտանիքի անդամները պաշտոնապես միլիոնատեր էին։ Այդ մասին է հայտարարել ինքը Փաշինյանն իր վարչապետության 1 տարվա ամփոփիչ ասուլիսում։

«Այդ հարցին պիտի պատասխանեն ոչ միայն Սարգսյանը, այլ նաև Քոչարյանը ու բազում այլ միլիոնատեր պաշտոնյաներ։ Ո՞նց է, որ իրենց երեխաները, փեսաները, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել», - ասել է նա։

Փաշինյանի խոսքերով, սկզբունքը նաև նոր իշխանություններին է վերաբերվելու։ «Եթե պարզվի, որ իմ վարչապետության արդյունքում իմ ընտանիքի որևէ անդամ միլիոնատեր է դարձել, հաջորդ պահին ես պիտի բանտում լինեմ․․․ՀՀ վարչապետի ընտանիքը չի կարող բիզնեսով զբաղվել։ Ես հայտարարագրով ներկայացրել եմ՝ ինչ ունենք մենք։ Հիմա պատկերացրեք՝ մի տարում ունեցվածքս հարյուրապատկվի, ես էլ ասեմ՝ տաղանդավոր երեխաներ ունեմ, մի տարում ունեցվածքը հարյուրապատկեցին», - նշել է վարչապետը։