8 մայիսի 2019 - 13:21 AMT
Փաշինյան․ Այսօր ընտրություններ լինեն՝ ավելի շատ ձայն կհավաքենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համզոված է՝ եթե այսօր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային, իր ղեկավարած իշխանությունն ավելի շատ ձայն կհավաքեր, քան 2018-ի դեկտեմբերին։ Այս մասին է ասել ինքը վարչապետն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին։

«Մարդիկ կան, որ ակնարկում են ու փորձում են վախեցնել, որ փողոց դուրս կգան։ Պատկերացնու՞մ եք, ինձ փորձում են վախեցնել փողոցային գործընթացներով։ Ո՞նց չասես՝ էս մարդիկ չեն հասկանում, ինչ է կատարվել ՀՀ-ում։ Դեռ հարց է՝ դրանից մենք վախենու՞մ ենք, թե՞ թաքուն հույս ունենք, որ նման բան, այնուամենայնիվ, տեղի կունենա ու, կարող է, այդ փողոց դուրս գալը մեզ էլ հավեսի գցի, մենք էլ դուրս գանք», - ասել է վարչապետը։

Նա նշել է, որ շատ գործեր կան, որ վարչապետի կաբինետից շատ ավելի դժվար է լուծել, քան հրապարակում՝ հեղափոխական միջոցներով։

«Ժողովրդի մոտ, ոնց որ, երկրորդ հեղափոխության պահանջ է հասունանում ու մեզ քննադատում են, որ հարցեր կան՝ հեղափոխական տեմպով չի լուծվում։ Կան հարցեր, որ ընթացակարգով չի լուծվում, բայց փողոց դուրս գալով շատ արագ կլուծվի», - նշել է նա, չմանրամասնելով այդ հարցերը։

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին իշխող «Իմ քայլը» դաշինքը մոտ 71% ձայն էր հավաքել։