8 մայիսի 2019 - 15:24 AMT
Վարչապետ․ Երեխաները փողոցում ու պոռնոկայքերում են սեռական կյանքի մասին իմանում, մտահոգի՞չ չէ

ՀՀ-ում 2017-ին մանկապղծության 71 դեպք է եղել, ու մանկապղծությունը, ենթադրաբար, տեղի է ունենում նաև այն պատճառով, որ երեխան չի հասկանում, ինչ է տեղի ունենում իր հետ։ Այդ մասին է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի ու դրա շուրջ ծավալված սկանդալի մասին։

Փաշինյանն ասել է, որ կարդացել է գիրքը հասկանալու՝ սարսափելի բան կա, թե ոչ, ու, մասնագետ չլինելով, խնդիր չի տեսել, սակայն, պատրաստ է լսել դրանից բողոքողներին։ «Ես մասնագետ չեմ, գուցե սխալվում եմ, բայց երբ ծանոթացա գրքին, տեսա, որ ոչ մի արտառոց բան դրանում չկա: Այլասերվածությունը մեր երկրում պետք է արմատախիլ անել...Բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր կան, որ մայրիկս, հայրիկս, եղբայրս ինձ համբուրում են՝ դա նորմալ է, բայց լինում է, երբ քեռին է ինձ համբուրում՝ ու հաճելի չէ։ Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ դա հաճելի չէ», - նշել է նա։

Փաշինյանը կրկին ասել է, որ չի բացառում՝ խնդրի առարկա գիրքը կարող է պատշաճ մակարդակի չլինել։ «Խնդիր չկա՝ քննադատենք, եթե լավ չէ՝ արգելենք։ Թույլ տանք այն, ինչը պետք է թույլ տալ, բայց եկեք ընդունենք, որ այս ամենը (մանկապղծությունը՝ խմբ․) պրոբլեմ է», - ասել է նա՝ շեշտելով մանկապղծության դեմ պայքարի անհրաժեշտությունը։

«Ես տեսա, որ մեղադրանք կա այլասերվածության մեջ։ Մեր երեխաներն ի վերջո մեծանում ու հասուն կյանք են մտնում։ Նրանք որտեղի՞ց են իմանում այդ ամեն ինչը։ Փողոցի՞ց, իրարից լսելո՞վ, կներեք, պոռնոկայքերից թաքուն օգտվելո՞վ, սա մեզ չի մտահոգո՞ւմ: Երեխաներին պետք է սեռական գրագիտությամբ ապահովել: Որտեղի՞ց են նրանք ստանում հասուն կյանքի մասին ինֆորմացիա, քանի՞ տոկոսն է գրագետ այս առումով, ոչ միայն երեխաների, այլև հասուն մարդկանց շրջանում: Ի՞նչ ազդեցություն է ունենում այդ ամենը մեր ընտանիքների վրա..», - ընդգծել է վարչապետը։

Մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել և կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է»՝ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի քննարկումը, որն այդպես էլ չկայացավ, քանի որ խափանվեց մի խումբ ակտիվիստների կողմից: Ինչպես հայտնում է ՀԿ-ն, «գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում»:

Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2016թ ընթացքում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 80 դեպք է եղել, 2017-ին` 71, 2018-ին` 50 դեպք, 2019-ի առաջին երեք ամիսների ընթացքում 14 դեպք է գրանցվել:

Ընթերցեք նաև. «Խորթ հայրս ստիպում էր մերսել նրա սեռական օրգանները». Մանկապղծության 10 պատմություն