Նոր մասնակիցը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղու նախագծին միայն մասնակից 3 երկրի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համաձայնությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով ՌԴ հնարավոր մասնակցությանը նախագծին:
«Սա ռազմավարական նախագիծ է մեզ համար, երկրները համաձայնագիր են ստորագրել»,-ասել է Բախտաձեն՝ մեկնաբանելով Անկայաում կայացած հանդիպումը, որտեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները հուշագիր են ստորագրել ԲԹԿ նախագծին «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հնարավոր միացման մասին, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Ըստ Վրաստանի վարչապետի, աշխատանքների մեծ մասն ավարտված է, իսկ ինչ վերաբերում է Անկարայի հանդիպմանը, այն, կարծես «այլ հունով է գնացել»: «Կարծես, այդ հանդիպումը բոլորովին այլ հունով է գնացել, քանի որ, ըստ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կնքած համաձայնագրի, նախագծին նոր անդամ կարող է միանալ միայն 3 երկրների համաձայնության դեպքում»,-ասել է Բախտաձեն:
Նա նշել է, որ հենց Վրաստանի տարածքում է լինելու միացման կայանը, որտեղ «եվրոպական չափանիշի» ուղին, որի լայնությունը 1435մմ է, կկցվի արդեն գոյություն ունեցող «լայն ուղուն», և դա լինելու է Ախալքալաքում:
«Այլ տարբերակ քննարկման ենթակա չէ»,-ասել է նա:
Մայիսի 6-ին ՌԴ, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները հուշագիր են ստորագրել Ախալքալաք-Կարս 76 կմ երկրորդ երկաթուղու հնարավոր կառուցման մասին, որի լայնությունը կլինի 1520մմ և որն անցնելու է Թուրքիայի տարածքով և լոգիստիկ տերմինալ կունենա Կարսում:
800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։