10 մայիսի 2019 - 15:08 AMT
Մակրոնը՝ ՀՀ նախագահին. Ֆրանսիան շարունակելու է ՀՀ հետ պայքարել հանուն ճշմարտության

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: «Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:

Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ:

2019-ին ապրիլի 24-ը Ֆրանսիայում առաջին անգամ նշվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Համապատասխան որոշումը կայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Ապրիլի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։