ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում առաջարկել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։
«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, և ՀՀ ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում։
Վարազդատ Կարապետյանը նշել է նաև, որ իրենք մտածում են նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու։
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը, որի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Համաժողովին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, գործարարներ։