9 սեպտեմբերի 2008 - 17:56 AMT
Հայաստանն ու Նորվեգիայի Թագավորությունը հետաքրքրված են համակողմանի համագործակցության զարգացման մեջ
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Օյվինդ Նորդսլեթթենին (նստավայրը Մոսկվա)` հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի Թագավորության հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդման եւ խորացման մեջ:

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, Էդվարդ Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց վերջին շրջանում այդ ոլորտում որոշակի աշխուժացման կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-նորվեգական առաջին համատեղ ADC ձեռնարկության հիմնումը եւ դրա արդյունավետ գործունեությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց, որ երկկողմ իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնումը եւս կնպաստի Երեւանի եւ Օսլոյի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

Օյվինդ Նորդսլեթթենն իր հերթին նշեց, որ Նորվեգիայի Թագավորությունը եւս կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը եւ այդ նպատակով պատրաստ է հետեւողական քայլեր ձեռնարկել: Նա կարեւորեց նաեւ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 9-ին Հայաստան է ժամանելու Նորվեգիայի բնապահպանության հարցերով պետական քարտուղար Հեյդի Սյորենսենը: