9 սեպտեմբերի 2008 - 19:35 AMT
Փորձագետ. Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու թուրքական նախաձեռնությունն ապագա չունի
Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը իրատեսական չէ, քանի որ դրանում առկա են լինելու միայն երկու տարածաշրջանային տերություններ` Ռուսաստանն ու Թուրքիան, եւ ոչ մի եվրոպական երկիր չի մասնակցելու այդ նախաձեռնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի հարցերով եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը: Նրա խոսքերով, նման նախաձեռնությամբ հանդես գալով, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իր սեփական շահերից է ելնում: «Միգուցե, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման տեսակետից այդ նախաձեռնությունը պոտենցիալ ունի, բայց գլոբալ տեսանկյունից այն ապագա չունի»,- հայտնել է Սվանտե Կոռնելը:

Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին` թուրքական կողմի նախաձեռնության համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ երկխոսության կողմնակից է եղել` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման երաշխիք, գնահատել է թուրքական նախաձեռնությունը` որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: