Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի:
Ամենայն Հայոց կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանն է հանձնել նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: