15 մայիսի 2019 - 12:23 AMT
Երևանի ճոպանուղին Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչև Աբովյանի պուրակ կձգվի

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ճոպանուղու կառուցման ծրագիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է:

Նրա խոսքով` Երևանում նպատակահարմար չէ երկու 6 տեղանոց խցիկներով ճոպանուղի ունենալ, քանի որ դրանով տրանսպորտային հարցը չի լուծվի։

«Անհրաժեշտ է 12-14 տեղանոց բազմամոդուլ ճոպանուղի։ Նոր Նորքի համար մետրոն անիրական որոշում է, տրանսպորտային լուծում կարող է լինել ճոպանուղին», - ասել է նա։

Շինաշխատանքները մեկնարկելու են 2020 թվականին:

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ զանգվածից մինչև նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից:

Ավելի վաղ Մեսչյանն ասել է, որ մինչև 2019 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները: