17 մայիսի 2019 - 10:56 AMT
Բաքուն վիզա չի տվել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից բացի ունեն նաև ՀՀ քաղաքացիություն:

Լոնդոնյան ակումբի հայազգի երկրպագուները մտադիր էին ներկա գտնվել սիրած ակումբի խաղին Եվրոպայի լիգայի եզրափակչում, որն անցնելու է Բաքվի Օիմպիական ստադիոնում:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին:

Ինչպես հայտնել է բրիտանական The Times-ը, ակումբը դիմել է ԱԳՆ և փորձում է պարզել՝ կա արդյոք հնարավորություն ստիպել Բաքվին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: