16 մայիսի 2019 - 11:11 AMT
ԱԺ 2 նոր հանձնաժողովն ու պատգամավորների թվի ավելացումը հարկատուներին 892.6 մլն դրամ կարժենան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերի և երկու նոր մշտական հանձնաժողովի գործունեության համար 2019 թվականի պետական բյուջեից լրացուցիչ ավելի քան 892.6 մլն դրամ կհատկացվի օրենսդիր մարմնին:

Հանձնաժողովների և պատգամավորների թվի աճի արդյունքում օրենսդիրում ընդհանուր առմամբ 59 հաստիք է ավելացել:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պատգամավորների թիվը դարձել է 131: 7-րդ գումարման ԱԺ-ում երկու նոր մշտական հանձնաժողով է ստեղծվել՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: