10 սեպտեմբերի 2008 - 15:12 AMT
Թուրքիան ավելի է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում
«Կար ժամանակ, երբ Հայաստանն էր շահագրգռված հայ-թուրքական սահմանի բացման մեջ: Իսկ այժմ Թուրքիան է առավել շահագրգիռ դրանում եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-Երեւանում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, Հայաստանի հանդեպ տնտեսական ճնշում գործադրելու Թուրքիայի նախկին քաղաքականությունն այժմ վերանայվում է Անկարայի կողմից: «Տնտեսական գործոնն առաջին հերթին կապված էր Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու պատճառով: Սակայն Վրաստանը անհուսալի գործընկեր դուրս եկավ, իսկ Ադրբեջանը չափազանց զգուշավոր քաղաքականություն է վարում: Ավելին, նախկինում ենթադրվում էր զինված ուժեր տեղակայել նավթամուղի պահպանությունն իրականացնելու համար: Այժմ Անկարան գերադասում է կապեր հաստատել Ռուսաստանի եւ Հայաստանի, որպես տարածաշրջանում ՌԴ-ի ռազմավարական գործընկերոջ հետ»,-ընդգծել է Սաֆրաստյանը:

Նա նաեւ նշել է, որ հայ դիվանագիտության առջեւ նոր խնդիրներ են ծառացել տարածաշրջանում փոխված աշխարհաքաղաքական իրավիճակի կապակցությամբ: «Ներկա ժամանակը նոր մոտեցումներ եւ Հայաստանի կողմից դիվանագիտական ջանքերի ակտիվացում է պահանջում»,-գտնում է հայ գիտնականը:

Հայ-թուրքական սահմանը Անկարան միակողմանի կարգով փակել է 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Թուրքիան այդ դիմակայության մեջ ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Մինչդեռ, 1991-1993թթ. Թուրքիան դեսպան ուներ Հայաստանում` Վոլկան Վուրալը (նստավայրը` Մոսկվա):