16 մայիսի 2019 - 12:41 AMT
Պարզեցված նոր կարգը մինչև 2019-ի վերջ դատարանները 30,000-ով գործով կբեռնաթափի

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով մինչև 2019 թվականի վերջ հնարավոր կլինի 30,000-ով բեռնաթափել ընդհանուր հայցային վարույթով քննվող դատական գործերի թիվը:

«ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ հարցը։ Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ 2013-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48,540-ից դառնալով 137,003 գործ, ընդ որում այս գործերի միջինում 80%-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որոնցով պահանջների միջինում 80%-ը չեն գերազանցել 2 մլն դրամը։ Իսկ այդ գործերով Վերաքննիչ բողոք բերվել են ոչ ավել, քան 1% դեպքերում», - ասել է նախարար:

Նախարարն ասել է, որ այս հանգամանքի հաշվառմամբ 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներդրվել է պարզեցված վարույթ, որը հնարավորություն է տալիս գործը քննել ընդհանուր հայցային վարույթից տարբերվող, հեշտացված ընթացակարգի միջոցով։