16 մայիսի 2019 - 17:14 AMT
«Ռեալը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշ

Մադրիդի «Ռեալը» գլխավորել է Brand Finance խորհրդատվական ընկերության կազմած ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի 2019-ի վարկանիշը: Իսպանական թիմի բրենդը մեկ տարում թանկացել է գրեթե 27%-ով՝ հասնելով 1,6 մլրդ եվրոյի:

Վերջին անգամ «Ռեալը» գլխավորել էր Brand Finance-ի վարկանիշը 2010-ին:

Վարկանիշի 2018-ի առաջատար՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հորիզոնականում է: Թիմի ապրանքանիշը մեկ տարում էժանացել է գրեթե 6%-ով՝ մինչև 1,5 մլրդ եվրո, գրում է «Վեդոմոստին»:

Ընդհանուր առմամբ առաջին տասնյակի կազմը չի փոխվել 2018-ի համեմատ: 3-7-րդ տեղերը, ինչպես և 2018-ին, զբաղեցրել են «Բարսելոնան» (1,4 մլրդ եվրո), «Բավարիան» (1,3 մլրդ եվրո), «Մանչեսթեր Սիթին» (1,26 մլրդ եվրո), «Լիվերպուլը» (1,2 մլրդ եվրո), «Չելսին» (1 մլրդ եվրո): «Պարի Սեն Ժերմենը» (0,9 մլրդ եվրո) 8-րդ հորիզոնականում է, իսկ «Արսենալը» նահանջել է 9-րդ տեղը (0,89 մլրդ եվրո): Տասնյակը, ինչպես և 2018-ին, եզրափակում է «Տոտենհեմ Հոտսպուրը» (0,8 մլրդ եվրո):

Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկված է 50 ակումբ՝ 18 Մեծ Բրիտանիայից, 13 Գերմանիայից, 7 Իսպանիայից, 6 Իտալիայից, 3 Ֆրանսիայից, 1 Նիդերլանդներից, և 1-ական Պորտուգալիայից և ՌԴ-ից: