16 մայիսի 2019 - 16:24 AMT
Ավինյանը՝ Ամուլսարի մասին. Որևէ տնտեսվարողի հանդեպ խտրական վերաբերմունք չկա և չի լինի

Հայաստանում որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին: Նա հավելել է, որ այդ մասին մի քանի անգամ ասվել է բոլոր հնարավոր հարթակներից:

Նան հավելել է, որ ըստ նախնական պայմանավորվածության` մայիսի վերջին Քննչական կոմիտեին են հանձնվելու «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ այդ հետազոտության արդյունքներով էլ կառավարությունը կշարժվի։ «Այսինքն՝ քրեական գործը կամ իր հանգուցալուծումը կստանա, կամ կշարունակվի, կառավարությունն էլ համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի»,- ընդգծել է փոխվարչապետը, Անդրադառնալով այն հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծագած խնդիրը որքանով կազդի օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա, և որքան վնաս կկրի Հայաստանը, եթե եզրակացությունները բացասական լինեն՝ Տիգրան Ավինյանը խորհուրդ է տվել սպասել վերջանական պատասխաններին, որից հետո կառավարությունը վերլուծություն կանի և գնահատական կտա:

«Եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը»,-ասել է նա: Այն հարցին, թե ի վերջո հետագայում ներդրողների վրա դա կանդրադառնա՞, Տիգրան Ավինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշել է պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացնել Ամուլսարի հանքի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Կառավարությունից հայտնել էին, որ փորձաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա մայիս ամսին:

Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսի 22-ից: