16 մայիսի 2019 - 17:22 AMT
Արցախի 2 նախագահը եկել են Քոչարյանի դատին՝ երաշխավորություն տալու

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու նպատակով:

Քոչարյանի պաշտպանները ավելի վաղ Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագրերը արդեն ներկայացրել էին դատարանին, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է անձամբ ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

Դատարան է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։