17 մայիսի 2019 - 14:44 AMT
«Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից առաջարկում են աջակցության ակցիա կազմակերպել Բաքվի ստադիոնում, եթե ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քաղաքական պատճառներով չմեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

«Արսենալի» երկրպագուները CanonCrested խմբից հետևյալ առաջարկն ունեն՝ «Կարելի է Մխիթարյանի պատկերով դիմակներ պատվիրել, բաժանել այն 6000 երկրպագուներին, որոնք լինելու են խաղին և այնպես կազմակերպել, որ հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին նրանք պարզեն այդ դիմակները ստադիոնում»: Այդ մասին ասվում է խմբի Twitter-ի միկրոբլոգում:

Մխիթարյանն անգլիական ակումբում հանդես է գալիս 7-րդ համարի տակ:

Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ դեռ անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից, բանակցությունները շարունակվում են: Ակումբը որոշում կկայացնի մինչև հաջորջ շաբաթվա սկիզբը: Հավանականությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը Բաքու չի մեկնի:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Ընթերցեք նաև.«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու