17 մայիսի 2019 - 16:30 AMT
«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ

Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2025 թվականը մարզ վերադարձնել մոտ 5000 ընտանիքի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնական մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասել է նա:

Չոբանյանն ասել է, որ թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին մարզ վերադարձած 10 ընտանիք է հաշվառվել: