Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։
Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: