20 մայիսի 2019 - 13:42 AMT
Մարուքյան. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք ենք սկսել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և այդ նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-ասվում է գրառման մեջ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: