11 սեպտեմբերի 2008 - 15:22 AMT
Բրայզա. Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացման հույս է ներշնչել
«Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, որն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երեւան, եւ այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց հրավերը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան` ելույթ ունենալով ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը չլուծեց առկա խնդիրները, սակայն նոր մթնոլորտ ձեւավորեց երկու երկրների հարաբերություններում եւ ջերմացման հույս ներշնչեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կթուլացնի Հայաստանի մեկուսացումն, այլ նաեւ կնպաստի առեւտրի եւ տրանսպորտային երթուղիների զարգացմանը ողջ Հարավային Կովկասում:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Չլուծված ղարաբաղյան հակամարտության հետեւանքները ծանր բեռ են ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը` նշելով, որ «Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակման արդյունքում» ապրած շոկը կարող է դրդել երկրներին առավել ճկուն եւ արդյունավետ բանակցությունների: «ԱՄՆ-ի կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ապահովման համար, ինչը բխում է Վաշինգտոնի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելուց եւ ի վերջո ներառում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական գործընթացի այլ տարրեր»,-հայտարարել է Մեթյու Բրայզան: