21 մայիսի 2019 - 10:43 AMT
Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան. Բաքուն երաշխավորել է Մխիթարյանի անվտանգությունը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեն բրիտանական Sky Sports-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանը բոլոր երաշխիքները տվել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

ԵԼ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մայիսի 29-ին:

Դեսպանը հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անմիջապես իր հետ կապվել՝ Բաքվում իր անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Ես ուրախ կլինեի, եթե նա խոսեր ինձ հետ: Եվրոպայի լիգայի եզրափակիչը Ա դասի միջոցառում է: Եթե մեր նպատակն է դրա շուրջ քաղաքական խաղեր խաղալ, այլ բան: Բայց Մխիթարյանին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ որպես քաղաքական գործչի: Ուստի եկեք մի կողմ դնենք այլ հարցերը»,-ասել է Թաղիզադեն, գրում է Haqqin.az-ը:

«Իմ ուղերձը Մխիթարյանին հետևյալն է լինելու՝ դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ: Մեկնիր Բաքու, անվտանգ կլինես: Բայց եթե ուզում ես «խաղացնել» այդ թեման, դա արդեն այլ պատմություն է: Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունն ամեն ին կանի՝ ապահովելու համար յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և բոլոր նրանց անվտանգությունը, ով ներկա կլինի խաղին»,-ասել է դեսպանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդնոի «Արսենալը» հավանական է համարում, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Չելսիի» հետ, որն անցնելու է Բաքվում:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: