21 մայիսի 2019 - 14:59 AMT
ԵԽԽՎ. Պետք է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատարանների վրա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽԽՎ-ում, Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ «քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատարանների վրա ճնշում»:

Հայտարարությունը տարածվել է դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիներին ուղղված կոչից հետո: Այս կոչն իր հերթին հետևել է երկրի նախկին նախագահ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Դատարանի որոշման հանդեպ կանխակալ վերաբերմունք չունենալով հանդերձ՝ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն անհրաժեշտ պայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին բողոքարկումն է բարձր ատյանին։ Հարգանքն առ օրենքի գերակայությունը ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց»,-հայտնում է Panorama.am-ը։

«Այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Արդարադատության ոլորտում բարեփոխումները մնում են առաջնահերթ և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը խորքային բարեփոխումների ենթարկելու ձգտումը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցելու առումով»,-ասվում է հայտարարության մեջ։