21 մայիսի 2019 - 15:13 AMT
«Արսենալ». Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ:

«Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ակումբը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խորին մտահոգություն հայտնելով իրավիճակի վերաբերյալ: «Միկին առանցքային խաղացող էր դեպի եզրափակիչ մեր մրցավազքում, այնպես որ դա մեծ կորուստ է մեզ համար թիմի տեսակտից»,-ասվում է հայտարարության մեջ:

«Շատ տխուր է նաև, որ ֆուտբոլիստը չի մասնակցի մեծ եվրոպական եզրափակիչ խաղին նման հանգամանքներում, ինչպիսին սա է, քանի որ այդպիսի հնարավորությունները եզակի են ֆուտբոլիստի կարիերայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Մխիթարյանը կշարունակի մարզվել թիմի հետ մինչև թիմի Բաքու մեկնելը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդնոի «Արսենալը» հավանական է համարում, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Չելսիի» հետ, որն անցնելու է Բաքվում:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Ընթրեցեք նաև.ԱԳՆ. Մխիթարյանին Բաքվում երաշխիքներ չտրամադրելը և հայ ֆաների մուտքի արգելքը ռասիստական դրսևորում է