22 մայիսի 2019 - 12:29 AMT
Մաշտոցի պողոտայի գետնանցումի նորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատ, թեքահարթակներ հեծանվորդների համար

«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցման վերանորոգման իր տարբերակը:

«Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ» կամ «պետքարան»: Մեզ անհանգստացնում էր գետնանցումի նման կիրառությունը և կային մի շարք խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնահերթ էր.

- Գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, և թե՛ գիշերային ժամերին

- Զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում graffiti արվեստը

- հոգալ մշտական խնդրի՝ «պետքարան»-ի հարցը

- Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր

Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը»,-ասվում է ստուդիայի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշվում է, որ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծել են ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝ լուծելով քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:

«Կարծում ենք՝ գրաֆիտիներով հայտնի այս անցումը պետք է պահել հենց այդպիսին: Անցումում նախատեսում ենք ունենալ գրաֆիտիների համար նախատեսված պատ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է թարմացնել՝ այս կերպ զարկ տալով քաղաքային մշակույթի զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ: