22 մայիսի 2019 - 18:43 AMT
ԵԽ-ն աջակցում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին. Կառույցի փորձագետներ կժամանեն Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ավելի վաղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ն ընդունում է արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական հանձնառությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը: