23 մայիսի 2019 - 11:43 AMT
ՍԴ. Քոչարյանի գործով դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը, ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։

«Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: