23 մայիսի 2019 - 17:54 AMT
Վճռաբեկի դատավորներ. ՍԴ-ն Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով գերազանցել է իր լիազորությունները

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատել են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։

«Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ին և Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի որոշումներում տեղ գտած գնահատականները «խարխլում են դատական իշխանության երկու մարմնի միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները»:

«Մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք: